Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ծերուկ հանրապետականը, Ոսկե ձկնիկը և իշխանությունը թողնելու ցանկություն չունեցող նախագահները

Ծերուկ հանրապետականը, Ոսկե ձկնիկը  և իշխանությունը թողնելու ցանկություն  չունեցող նախագահները
21.07.2015 | 01:33

«Իրատեսի» հյուրն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

-Հրապարակվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի 7 գլուխները, Ձեր գնահատականով՝ ի՞նչ նպատակ ունեն փոփոխությունները:
-Հայեցակարգի իրավական, տրամաբանական և իմաստային հանգամանքներին չեմ անդրադառնա, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդում կան սահմանադրական իրավունքի մասնագետներ՝ Արտակ Զեյնալյանը և Նորիկ Եղիազարյանը, որ կվերլուծեն իրավական խնդիրները, ես կխոսեմ քաղաքական նշանակության մասին: Միանգամից ասեմ՝ ակնհայտ անլուրջ և անիմաստ եմ համարում ներկայացված հայեցակարգը և դրա միջոցով ներքաղաքական խնդիրների լուծումը:
-Ի՞նչ է փոխվել Հայաստանում, որ պիտի Սահմանադրություն փոխվի:
-1999-ի հոկտեմբերի 27-ից հետո դրական առումով ոչինչ չի փոխվել, ավելին՝ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի իշխանության գալու և իշխանությունը պահելու մեթոդները, բնական եմ համարում, որ փորձելու է հնարավորն ու անհնարինը՝ պահելու իշխանությունը, և հավանաբար համարում է, որ Սահմանադրության հանրաքվեն ցանկությանը հասնելու ինքնատիպ լուծում է: Ներկայացված հայեցակարգը ՀՀԿ-ի պատվերով կարված բաճկոն է, մեկ կուսակցությանը սպասարկող օրինագիծ, այլ խնդիր չեն էլ փորձել լուծել: Մնացածը քաղաքական փաթեթավորում է, այն էլ՝ խիստ անհաջող, թափթփված ու անկապ:
-Հասարակությունը կընդունի՞ փաթեթավորումը, թե՞ թղթի կտորներ նրան արդեն պետք չեն:
-Հասարակությունը, կարծում եմ, ոչ միայն չի ընդունի և չի հավատա, այլև կընդվզի: Այն, ինչ պատրաստվել է ապահովելու երկարաժամկետ իշխանություն կարող Է հարուցել հակառակ գործընթացը: Սա այն դեպքն է, երբ հնարավոր է կրկնվի Պուշկինի «Ոսկե ձկնիկ» հեքիաթը՝ ծերուկ ՀՀԿ-ի, Ոսկե ձկնիկի և իշխանությունից հեռանալ չցանկացող նախագահի ու կոտրած տաշտակի մասով:
-Ի՞նչ է տալու ՀՀ քաղաքացուն կառավարման մոդելի փոփոխությունը:
-Քաղաքացու համար, մեծ հաշվով, մեկ է՝ ինչպես են իրեն կառավարում՝ նախագահակա՞ն, կիսանախագահակա՞ն, խորհրդարանակա՞ն մոդելով, նրա համար կարևորը իր տանը նորմալ կյանքով ապրելն է: Այդպես է ամբողջ աշխարհում: Հայաստանի հիմնական խնդիրն այսօր ժողովրդագրականն է, որը ոչ միայն չի լուծվում, այլև խորանում է արտագաղթի պատճառով: Ես չեմ տեսնում այդ խնդրի լուծման որևէ տարբերակ սահմանադրական փոփոխություններով: Երկրորդ խնդիրը չկայացած օրենսդիր, գործադիր և դատական համակարգերն են և դրանց տարանջատումը: Հայեցակարգը այդ հարցը ևս չի լուծում: Հասարակության անվստահության պատճառը կեղծվող ընտրություններն են և իշխանության ոչ լեգիտիմությունը: Սահմանադրական փոփոխությունը չի լուծում նաև այդ խնդիրը: Հայաստանը կունենա՞ պաշտպանության նախարար, թե՞ այդ պաշտոնը կհանվի ու կլինի գլխավոր շտաբի պետ, զինակոչի քանակը չի ավելանա, սահմաններում կրակոցները չեն դադարի, Հայաստանի ռազմատեխնիկական բազան չի հզորանա: Հակառակը՝ պատերազմի մեջ գտնվող երկրում գերագույն գլխավոր հրամանատար ունենալ վարչապետին՝ նվազագույնը անընդունելի է: Խորհրդարանական կառավարմամբ որևէ երկիր չունի Հայաստանի խնդիրները, որը կարող է այդ մոդելով իր զինված ուժերը ղեկավարել: ՀՀԿ անդամները 10-15 տարվա կտրվածքով Նոստրադամուս են դարձել և հերթով սկսել են մարգարեանալ, բայց ո՞վ է հաշվել այդ ժամկետը: Ո՞վ է ասել, որ կիսանախագահական համակարգը հետընթաց է: Ֆրանսիան, որ կառավարվում է այդ համակարգով, մե՞ծ հետընթաց է ապրել ու 5-10 տարի հետո փոխելո՞ւ է մոդելը: Կրկնում եմ՝ Հայաստանի օրակարգում սահմանադրական փոփոխությունների խնդիրը հնարովի է, իրական օրակարգը մի կողմ թողած, իշխանությունն առաջարկում է սեփական օրակարգը իբրև ինքնապահպանության իրավական մեխանիզմ: Եթե Հայաստանում լինեին արդար ընտրություններ, ցանկացած տեսակետ կարելի էր հանրաքվեի դնել ու հասարակության կարծիքը հարցնել: Հանրաքվեն այդ կարծիքը երևան չի բերելու, քվեարկողը՝ քվեարկող, բայց մեզանում արդյունքը որոշում է հաշվողը: Ընտրությունների մասնակիցների ցուցակների հաջորդ օրվա տպագրումը շատ ավելի մեծ ու լուրջ փոփոխություն կարող է բերել հայկական քաղաքական դաշտում ու հասարակության հավատի վերականգնման հարցում, քան Սահմանադրության կամ այլ օրենքի որևէ փոփոխություն, որոնք, միևնույն է, չեն գործում: Բայց դա չի նշանակում, որ քաղաքական կուսակցություններն ու հասարակությունը պետք է համակերպվեն այդ իրողության հետ և ոչինչ չանեն: Քաղաքական այն ուժերը, որոնք ընդունում են, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը մեկ կուսակցության և անհատի իշխանությունը երկարաձգելու խնդիր է լուծում, չի բխում հասարակության ու պետության շահերից, պետք է իրավիճակը փոխելու բոլոր քայլերը ձեռնարկեն՝ ներառյալ մարդկանց փողոց դուրս բերելը: Հանրաքվեի անցկացման պարագայում ես դա ոչ միայն իրատեսական եմ համարում, այլև անխուսափելի:
-Բայց Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարել է, որ նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ դառնալ չի ուզում:
-Սահմանադրական փոփոխությունները հստակ ապահովում են մեկ կուսակցության իշխանություն, իսկ ՀՀ-ում անցկացվող ընտրությունների պրակտիկան հուշում է, որ այդ կուսակցությունը կլինի ՀՀԿ-ն, որի նախագահն էլ Սերժ Սարգսյանն է: Եվ ընդհանրապես՝ Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ Հայաստանի զարգացման միակ ուղին ժողովրդավարությունն է լինելու, չորս տարի բանակցեց ԵՄ-ի հետ ու հավատացրել էր մեզ, որ ՀՀ զարգացումն ու ապագան ԵՄ արժեհամակարգի մեջ են: Խոստացել էր հայ-թուրքական հարաբերությունների բարելավում և սահմանի բացում, Համահայկական բանկ, ապահով Հայաստան: Եթե մինչև հիմա իր այդ գերկարևոր խոստումները չի կատարել, ի՞նչ երաշխիք, որ վարչապետ կամ ԱԺ նախագահ չդառնալու խոստումը կկատարի: Հավանաբար ինքն էլ զգում է, որ հասարակությունը չի հավատում իր խոստումին, այդ պատճառով էլ ցանկացած առիթով կրկնում է՝ ուղղակի փորձելով միայն առերևույթ ցույց տալ, որ ինքը տարբերվում է երիտասարդ թոշակառու դառնալ չցանկացող իր նախկին ընկերոջից:
-Վիեննայում կնքված Իրանի և վեցյակի միջուկային համաձայնագիրը ի՞նչ է փոխում տարածաշրջանում:
-Հայաստանի համար միանշանակ դրական է, որ վեցյակի երկրների ջանքերով Իրանի միջուկային ծրագրի հարցում համաձայնությունը կայացավ: Աստված տա, որ Մինսկի խմբի պետությունների ջանքերով Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ համաձայնագիրը ևս իրականություն դառնա այնպես, ինչպես Վիեննայում լուծում գտնվեց՝ չկան հաղթող ու պարտվող կողմեր: Վիեննայի համաձայնագիրը խաղաղության ու բարեկեցության հնարավորություններ է բացում ոչ միայն տարածաշրջանի, այլև համաշխարհային տնտեսական ու աշխարհաքաղաքական գործընթացներում: Բազմիցս հարցազրույցներով հորդորել եմ, որ ՀՀ իշխանությունները՝ սկսած նախագահի մակարդակից, այցեր կազմակերպեն հարևան ու բարեկամ ԻԻՀ: Տարածաշրջանի բոլոր երկրների նախագահները այցելեցին Թեհրան, իսկ Հայաստանը ոչ միայն չգնաց, այլև ուղարկեց մականունավոր պաշտոնյաների, որոնց Իրանում զգույշ ու ցավոտ են ընկալում: Ավելին՝ նույնիսկ պատշաճ ու սրտանց չհրավիրեցին ԻԻՀ նախագահին Հայաստան՝ իրանական կողմի քանիցս բարձրաձայնած տնտեսական և քաղաքական առաջարկների պարագայում անգամ: Հուսով եմ, որ Վիեննայից հետո Հայաստանը կփորձի քիչ ավելի ինքնավստահ գործել և վերջին շրջանի էներգետիկ հանրահավաքներից քաղած դասերի պայմաններում կաշխատի առաջնային դարձնել Հայաստանի պետության շահը, որը իր հետ կբերի նաև ռուսական կողմի պարտադրված հարգանքը և կարող է մեզ լրացուցիչ վարկեր կամ այլ բանտարկյալների վերադարձի առաջարկների հիմք տալ:
-Ի՞նչ կարող է Հայաստանն ակնկալել:
-Ելնելով Թեհրանի առաջարկներից, նվազագույնը` էներգետիկ կախումից ազատագրում: Ի վերջո՝ տեղի կունենան գործընթացներ, որոնք կախված չեն ոչ Հայաստանի իշխանություններից, ոչ ռազմավարական գործընկեր ՌԴ-ից: Հայաստանը, բացի էներգակիրների արտահանման տրանզիտային երկիր դառնալուց, կարող է լինել Իրանում գործարարություն սկսող արտասահմանյան կազմակերպությունների հենակետ և նրանց գրասենյակների հիմնական վայր՝ ելնելով իրանական կյանքի առանձնահատկություններից՝ նկատի ունեմ արևմտյան կենցաղին սովոր ապրելակերպ վարող նավթային, տրանսպորտային և արդյունաբերական ընկերությունները, որն էլ իր հերթին կաշխուժացնի անշարժ գույքի շուկան: ԱՄՆ-ի Կարնեգիի կենտրոնի վերլուծաբանները բարձրացնում են Իրան-Հայաստան-Վրաստան նոր գազամուղի կառուցման խնդիրը, ճիշտ կլիներ, որ Հայաստանի իշխանությունները «Սահմանադրություն-սահմանադրություն» խաղալու փոխարեն պահը չկորցնեն և ՀՀ էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացիայի խնդիրը լուծեն՝ Մեղրիում Արաքսի վրա հէկ կառուցելու և Իրան-Հայաստան-Վրաստան գազամուղը կյանքի կոչելու համար: Վստահ եմ, որ անգամ ռազմավարական գործընկերոջ թույլ չտալու պարագայում՝ դա Հայաստանին քաղաքական լուրջ դիվիդենդներ և ապագայի համար նոր հնարավորություններ է բացելու:
-Ամառն անակնկալ թեժ ստացվեց, ինչպիսի՞ն կլինի աշունը:
-Պետք է աշխատել հանրաքվեի ենթատեքստում, որպեսզի քաղաքական դաշտում աշնանը ծավալվող գործընթացները ստիպեն իշխանություններին հրաժարվել անպատասխանատու փոփոխություններից և զբաղվել քաղաքական ու տնտեսական իրական օրակարգով: Այն է՝ գործող օրենքներն ու Սահմանադրությունը հարգելն ու անվերապահ կիրարկելը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Վաղը ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ծննդյան օրն է: «Իրատեսը» շնորհավորում է «Հանրապետություն» կուսակցության նախագահին և մաղթում հաջողություններ անձնական ու քաղաքական կյանքում:

Դիտվել է՝ 1655

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ